ԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. Մնացականյան

02:02, 24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 90 հազար արցախցի է տեղահանվել, կորցրել իր տունը, ունեցվածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, ԱԹՍ-ների հարձակման: Մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը: Ենթակառուցվածքներն են վնասվել: Մարդիկ ապրում են կրակի տակ: Դա կատարվում է ամեն օր, պարբերաբար, սա այն է, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, այն է, ինչ կատարվում է ԼՂ ժողովրդի հետ»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ, դպրոցներ: ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ այս ամենը պետք է կանգնեցվի:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am