Պատմության հետագծով  

09:00, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1928 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Չեքիջյանը՝ խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ եւ ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017):

-           1944 թ. հոկտեմբերի 23-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, Անգլիան եւ Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ։

-           1953 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Թաներ Աքչամը՝ թուրք գիտնական, բացահայտ ընդունում եւ քննարկում է Հայոց ցեղասպանության թեման։

-           1997 թ. հոկտեմբերի 23-ին մահացել է Լյութեր Ջորջ Սիմջյանը՝ հայազգի գյուտարար, ունեցել է 200-ից ավելի գյուտերի արտոնագիր (ծնվ.՝ 1905 թ.)։

-           1905 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Ալեքսանդր Մելիք-Փաշայանը՝ հայազգի խորհրդային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951), Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943 թթ.)։ 1931 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, իսկ 1953-1962 թթ.՝ գլխավոր դիրիժոր:

-           1907 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Նվեր Սաֆարյանը՝ ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ Պարգեւատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու եւ «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչեւ Բեռլին) եւ նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։

-           1913 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Գարուշ Խաժակյանը՝ հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։

-           1915 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Ռուբեն Գրիգորյանը՝ հայ ջութակահար, կոմպոզիտոր, դիրիժոր:

 

Հիշարժան փաստեր

-           Դմիտրի Իվանովիչ Մենդելեեւն իրոք պնդում էր, որ տարրերի պարբերական համակարգը նա տեսել է երազում։ Բայց դրան նախորդել է 25 տարվա տիտանական աշխատանքը։

-           Բացի Լուսնից, նաեւ 6 երկնաքար են ուղեկցում Երկրին՝ շարժվելով նրա ուղեծրով, արեգակի շուրջ։ Դրանցից մեկը Կրունիան է, որի շրջանագիծը 5 կմ է, եւ գտնվում է Երկրից 15 միլիոն կմ հեռավորության վրա։ Այնպես որ, որոշ վերապահումներով, կարելի է ասել, որ Երկիր մոլորակը ունի 6 լուսին, այլ ոչ թե 1։

-           Ատոմները շատ ավելի դատարկ են, քան արեգակնային համակարգը։ Եթե ջրածնի ատոմի միջուկը լիներ ընկույզի չափ, ապա էլեկտրոնը, որը կլիներ ասեղի գնդիկի չափ, կգտնվեր միջուկից 1 կմ-ից ավելի հեռավորության վրա։ Յուրաքանչյուր մատերիա պարունակում է ատոմային նյութի 0.001 տոկոսից ոչ ավելի։ Մնացածը՝ դատարկություն է։

-           Բացի Կարմիր գրքից, որում սկսած 1958-ից գիտնականները ընդգրկում են կենդանիների եւ բույսերի անհետացող տեսակներ, գոյություն ունի նաեւ Սեւ գիրք։ Այնտեղ ընդգրկված են կենդանիներ եւ բույսեր, որոնք ընդմիշտ անհետացել են Երկրի երեսից՝ մարդու գործունեության հետեւանքով։

Մ. Ա.

 


© 2009 ARMENPRESS.am