ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության հարցը

18:14, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այդ հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ: Այն մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար հանդիսանում է լուրջ խնդիր»,- ասաց Զախարովան:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am