Հայաստանում հաստատված COVID-19-ի նոր դեպքերի թիվը հատեց 2000-ի շեմը

11:08, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 5189 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 362293 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2306 նոր դեպք և 568 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1131 (ավելացել է ևս 10-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 66, 81, 73, 70, 60 տարեկան կանայք և 69, 70, 68, 69, 58 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am