Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

09:21, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: 

Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացնում են Արցախի անկախության ճանաչման հարցը: 

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 15-ին միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Ֆրանսայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը ևս հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:


© 2009 ARMENPRESS.am