Երևանի ավագանին շուրջ 49 մլն դրամ հատկացրեց «Երևանտրանս»-ի կայանատեղին ավելի մատչելի դարձնելու համար

11:51, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին նիստի ժամանակ որոշում կայացրեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրել ավելի քան 49 մլն ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը նշեց, որ փոփոխությունները լինելու են, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

«Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակում, առաջարկվում է նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց Ներսեսյանը:

Երևան քաղաքի ֆինանսավարկային տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք նախագծին դրական եզրակացություն են տվել:

Քվեարկության համար գրանցվեց 35 ավագանու անդամ, և որոշումն ընդունվեց միաձայն:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am