ՀՀ-ում Ադրբեջանի ԱԹՍ հարվածից տուժած 14-ամյա երեխան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

20:53, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա  դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է Դերձյանը:

Նարեկը տուժել է հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից, երբ մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:


© 2009 ARMENPRESS.am