Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք

15:10, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, արձակագիր Հուսիկ Արան տարիներ շարունակ գրել է հակապատերազմական ստեղծագործություններ: Նա պատերազմը սարսափելի արհավիրք է համարում, որն անվերադարձ խլում է սերունդների կյանքեր: Այնուամենայնիվ, բանաստեղծը վստահ է, որ հայկական բանակը, որի կազմում հզոր ու աննկուն ռազմիկներ են, հաղթելու է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում, քանի որ հայերը կռվում են հանուն իրենց տան, ընտանիքի և հայրենիքի:

Հուսիկ Արան հիանում է հայ զինվորներով, որոնք քանակով զիջում են թշնամուն, բայց ջախջախում են նրանց ու ետ շպրտում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծը հիշեցրեց, որ հինգերորդ սերնդի պատերազմ է մղվում՝ ամենաարդիական պատերազմը երկրի վրա: «Աշխարհը հետևում է պատերազմին, որ տեսնի, թե որ զենքն ինչ կիրառություն և ազդեցություն է ունենում: Զենքերը փորձարկվել են, բայց պատերազմում առաջին անգամ են օգտագործվում»,- ասաց գրողն ու շեշտեց, որ հայկական կողմը կռվում է մոտ 90 մլն-ի դեմ. Թուրքիան և Ադրբեջանը միասին 90 մլն են, և նրանց գումարվում են նաև վարձկանները, որոնք պատերազմելու մեծ փորձ ունեն:

Հուսիկ Արան նշեց, որ այս օրերին Արցախում թիրախավորվում են քաղաքները, գյուղերը, եկեղեցիները, խաղաղ բնակիչները, իսկ հակառակորդն ունի ամենաարդիական զենքերը: Նա կռվում է ընդամենը 150 հազար բնակչության բանակի դեմ և ոչ միայն չի կարողանում հաղթել, այլև ջախջախվում է ու ետ շպրտվում:

Գրողը համոզված է՝ Իլհամ Ալիևը չի դադարեցնում պատերազմը, քանի որ խայտառակվում է Ադրբեջանում: Ըստ գրողի՝ Ադրբեջանի ժողովուրդը հարցնելու է, թե ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայի հետ պատերազմ սկսեց, բայց ոչնչի չի հասնում:

«Մենք այսօր գրում ենք մեր պատմության ոչ թե փայլուն էջերից մեկը, այլ ամենափայլուն էջը: Հակառակորդն օր-օրի պարտվում է: Չեմ ցանկանում խոսել նրանց ցեղախմբի մասին: Մենք նրանց գերուն ենք վիրահատում, իսկ նրանք… Դեռ 90-ականներին Մոնթե Մելքոնյանն իր զինվորին ստիպել է արյուն տալ՝ ադրբեջանցի վիրավոր ռազմագերուն փրկելու համար: Դա արժանապատիվ բարձրաստիճան զինվորականի պահվածք է. պետք է փրկել, հետո՝ դատել: Մենք այդպիսին ենք: Մենք չենք կարող հավասարվել տականքին: Ամբողջ աշխարհն է ապշած,  ամբողջ աշխարհն է նայում ու հասկանում, թե ինչ է կատարվում: Գուցե չեն բարձրաձայնում, և մենք էլ գուցե լիարժեք չենք ընկալում, թե իրականում ինչ ենք անում, ինչ զենքերի դեմ ենք կռվում ու չենք պարտվում, հաղթում ենք: Սա առասպելական հաղթանակ է, որի մասին հետագայում լեգենդներ են պատմելու»,-ընդգծեց Հուսիկ Արան:

Նա հավատացած է, որ դարեր ի վեր մեզ ուժեղ է դարձրել մեր կենսակերպը: «Մենք խաղաղասեր ենք, բայց շատ լավ ենք կռվում: Հայոց այրուձին է Պարսից արքունիքը պահել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հարյուրավոր հերոսներ ենք տվել: Որ պահին հայը զենքը ձեռքին կանգնել է հակառակորդի առաջ, չի պարտվել: Պատմության մեջ չկա նման դեպք: Խայտառակություն է եղել միայն Կարսի անկումը: Դա էլ՝ բոլշևիկների պատճառով»,- նշեց բանաստեղծը:

Անդրադառնալով հակառակորդին՝ Հուսիկ Արան ասաց, որ թշնամին տղամարդուց վախենում է և երբեք զինված տղամարդու առաջ չի կանգնում: Ըստ նրա՝ հակառակորդը սովոր է ծեր մարդկանց խոշտանգել, հարձակվել կանանց ու երեխաների վրա, հաշմանդամներին գնդակահարել, ստորացնել ռազմագերուն, բայց նա վախենում է զինված տղամարդուց:

«Մենք ելք չունենք, մենք պետք է հաղթենք: Աշխարհում արդարություն չկա. արդարությունը երկրի հզորությունն է որոշում: Հաղթում ենք և հաղթելու ենք: Մենք հզոր ենք, հզոր բանակ ունենք, էպոսի տղաներ են բոլոր հայ զինվորները»,-եզրափակեց գրողը:

Անժելա Համբարձումյան

 

 


© 2009 ARMENPRESS.am