Հունաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:05, 16 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ու Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը նաև շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:

1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Լիլիթ Դեմուրյան

[gallery id= 64051]

© 2009 ARMENPRESS.am