Հայկական կողմում կան գերեվարված ադրբեջանցիներ. Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց, թե քանիսն են

23:39, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմում կան գերեվարված ադրբեջանցիներ, սակայն չմանրամասնեց, թե քանիսն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կան գերիներ, բայց քանիսն են, որտեղ են և ինչ վիճակում են, նման տեղեկությունների չեմ տիրապետում»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի գերեվարած հայկական զինված ուժերի երկու զինծառայողին՝ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը նրանց վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում:

«Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում, ասեմ ավելին` նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել: Մենք վերջին շրջանում տեսնում ենք Ադրբեջանի կողմից սեփական զոհերի նկատմամբ ծայրահեղ անմարդկային վերաբերմունք: Նման բան երբևէ չենք տեսել իրենց կողմից»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հայկական զինված ուժերի գերեվարված երկու զինծառայողի վերաբերյալ անհապաղ տեղեկություն տրամադրել: Դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել մի քանի տեղեկություն.

  1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողը
  2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
  3. տեղեկություններ նշված երկու զինծառայողի փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ը:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am