Հադրութի վարչակազմի ղեկավարն ու ԱԱԾ աշխատակիցը պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

22:33, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և նույն շրջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սերգեյ Միրզոյանն Արցախի նախագահի կողմից պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին: Փա՛ռք մեր բոլոր հերոսներին»,- գրել է Պողոսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

 


© 2009 ARMENPRESS.am