Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ

18:55, 13 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Նշվում է, որ կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:

ՀՀ ԱԳ նախարարը հոկտեմբերի 12-ից պաշտոնական այցով ՌԴ-ում է: Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


© 2009 ARMENPRESS.am