Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն աջակցություն է հայտնել իր հայ ընկերներին

17:38, 12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ դիրիժոր և կոմպոզիտոր, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր  Լիոր Շամբադալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին ու նշել, որ հիմա պատերազմի համար ժամանակ չկա. հիմա խաղաղության և կայունության ժամանակն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա դիմել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  իր ընկերներին, գործընկերներին, Հայաստանի երաժիշտներին՝ նշելով, որ իր սիրտը նրանց հետ է:

«Աղոթում եմ ձեր անվտանգության և խաղաղության համար:  COVID 19-ի տարածման պայմաններում մարդիկ պետք է միասնական լինեն և հաղթահարեն այս վիրուսը։ Պատերազմի համար ժամանակ չկա։ Հիմա խաղաղության և կայունության ժամանակն է։ Ես հպարտանում եմ հայի ոգով, քանի որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը։ Ուժե՛ղ մնացեք, աղոթքներս ձեզ հետ են. շարունակեք նվագել և խաղաղ լինել՝ ձեր ընտանիքների հետ միասին։ Ապահո՛վ եղեք։ Ես սիրում եմ ձեզ»,-եզրափակել է դիրիժորը:

 

Հաղորդագրությունը զետեղված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:


© 2009 ARMENPRESS.am