Ռուս լրագրողը ենթադրում է, որ Հադրութ ներխուժած դիվերսանտները եղել են թուրք հատուկջոկատայիններ

19:30, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Wargonzo նախագծի լրագրողը «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում նշում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ՝ նշելով, որ Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը:

«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,-ասված էր Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ իրավիճակը լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ

 


© 2009 ARMENPRESS.am