Մոսկովյան հայտարարությունն ու թուրքական մարտահրավերները
18:00, 10 Հոկտեմբեր, 2020Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ սանձազերծված պատերազմը տարածաշրջանում նաև նոր դերաբաշխման համար մղվող պայքար է, որտեղ Թուրքիան փորձում է անմիջական ու ծանրակշիռ ներգրավվածություն ունենալ: Թուրքիան ու Ադրբեջանը հայկական կողմին պարտադրել են մի պատերազմ, որի նպատակը տարածաշրջանում անվտանգության ընկալումների և ուժերի հավասարակշռության փոփոխումն է: Նման հեռանկարի թիրախավորումը ենթադրում է նոր դերակատարների ներգրավում՝ դերերի համապատասխան վերաբաշխումով: Համընդհանուր ընկալումն այն է, որ պատերազմի ցանկացած արդյունք որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանային դերակատարների համար` երկարաժամկետ հեռանկարում: Հետևաբար, Հայաստանն ու Արցախն այս պահին պատերազմում են ոչ միայն սեփական անվտանգության ապահովման, այլ նաև տարածաշրջանում կայունության հաստատման երկարաժամկետ հեռանկարի համար:
Թուրքիա–Ադրբեջան դաշինքի քարոզչության թիրախում են հայտնվել մի շարք տարածաշրջանային դերակատարներ: Փորձ է կատարվում փոխելու նաև հակամարտության իրավական ընկալումները: Մասնավորապես՝ Թուրքիան և Ադրբեջանը քննադատում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը.
Ակնհայտ են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության թիրախավորումն ու, այսպես կոչված, անգործության վերաբերյալ Թուրքիայի պնդումների նպատակները: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցության լծակները Ղարաբաղյան հիմնախնդրում. ռազմական ագրեսիայի իրականացում, որին կհաջորդի ռազմաքաղաքական ակտիվությունը: ՈՒրվագծվում է նաև առաջին նախապայմանը. Թուրքիան պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացում: Պաշտոնական Բաքուն և Անկարան, հավանաբար, Թուրքիայի համար նախատեսել են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի կարգավիճակը: Տարիների ընթացքում հետևողականորեն զարգացվում է այն միտքը, որ Մինսկի խմբի համանախագահությունում ֆրանսիական մանդատը պետք է փոխարինվի թուրքականով: Դա փորձում են հիմնավորել խմբում հավասարակշռություն ապահովելու կեղծ թեզով` Ֆրանսիային դիտարկելով որպես հայամետ դիրքորոշում ունեցող միջնորդի:
Բացառված չէ նաև, որ Թուրքիան առաջարկի քառանախագահության նոր ձևաչափ: Անկարան և Բաքուն պարբերաբար խոսում են այն մասին, որ միայն Ռուսաստանն ու Թուրքիան են ունակ կարգավորելու հիմնախնդիրը` դրանով իսկ փորձելով մեղմել ռուսական արձագանքը և օրինականացնել սեփական ներգրավվածությունը: Կարող է թվալ, թե այս թեզը հակասում է ԱՄՆ-ի շահերին, սակայն իրականում Թուրքիայի ներգրավումը մեծացնում է նաև ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում և Ղարաբաղյան հակամարտությունում: Թեև հայ-ֆրանսիական բարեկամությունն ու ռազմավարական համագործակցությունն ավանդական բնույթ են կրում, Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Հետևաբար, ներկա պատերազմում անմիջական մասնակցություն ունեցող Թուրքիայի ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ենթադրում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դոմինանտ դիրքերի ապահովում համանախագահների խմբում: Եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող` ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա) չունեին անմիջական սահման հակամարտության գոտու հետ, ապա Թուրքիայի ներգրավմամբ կլուծվի նաև այդ խնդիրը: Իրադարձությունների նման զարգացումն անխուսափելի է դարձնում ԻԻՀ անմիջական նեգրավման հեռանկարը:
Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ հայատեցության պայմաններում հայկական կողմը բացառում է Արցախի Հանրապետության ցանկացած ենթակայությունը Ադրբեջանին և միանգամայն տրամաբանական համարում ղարաբաղյան կողմի ներգրավումը բանակցային գործընթացում:
Իր հերթին, Թուրքիան փորձում է հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Պաշտոնական Անկարան Ֆրանսիային դիտարկում է որպես 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետություն՝ հարցականի տակ դնելով վերջինիս անկողմնակալությունը: Ավելին, պաշտոնական Անկարան հարցականի տակ է դնում նաև Մինսկի խմբի մյուս համանախագահների անաչառությունը Ղարաբաղյան հիմնախնդրում՝ ելնելով հիշյալ երկրների` ՀՀ-ի նկատմամբ ունեցած դիրքորոշումից: Նման տրամաբանությունը բխում է հայերի վերաբերյալ թուրքական ընկալումից, քանզի Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը (ՌԴ, Ֆրանսիա) լիովին, իսկ ԱՄՆ-ը` Կոնգրեսի զույգ պալատների մակարդակով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, Հայաստան–Թուրքիա հարաբերությունները որպես մեկնակետ դիտարկելով` Թուրքիան փորձում է ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել, իր ռազմաքաղաքական շահերը պարտադրել նաև Ադրբեջանին: Պատահական չէ, որ հայաստանյան հանրությունն ավելի ուշադիր է հետևում նախագահ Էրդողանի և վերջինիս մամլո քարտուղար Իբրահիմ Քալընի, քան Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ պաշտոնյաների ուղերձներին:
Թուրքիայի հիմնական նպատակներից է քանդել այն պատնեշը, որը ռուսական արտաքին քաղաքականության մեջ ստացել է «Հարավային դարպաս» անվանումը: Հարավային Կովկասում և մասնավորապես` Ադրբեջանում, թուրքական ազդեցության մեծացումը գրեթե զրոյացնում է հնարավորությունները, թե Եվրոպան կարող է ինտեգրել Ադրբեջանին: Ավելին, Թուրքիա–Ադրբեջան հարաբերությունների ներկայիս սերտացումն ու Թուրքիայի՝ Ադրբեջանի անունից հանդես գալը ԵՄ–Ադրբեջան հարաբերությունները փաստացի հանգեցնում են ԵՄ–Թուրքիա հարաբերությունների:
Հաշվի առնելով վերջին տարիներին պաշտոնական Անկարայի անթաքույց պանթյուրքիստական նկրտումները, ինչպես նաև հարևան Վրաստանի որոշ շրջանների (մասնավորապես` Աջարիայի) նկատմամբ հավակնությունների մասով պաշտոնական հայտարարություններն ու մեսիջները` խորապես համոզված ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության միայն մեկ ուղղությունն է, որից հետո տհաճ անակնկալներ կարող են սպասվել նաև Վրաստանին և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Աբխազիային ու Հարավային Օսեթիային: Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիայի Կովկասյան զավթողագործության և հակամարտության էսկալացիայի առաջին փուլն է միայն:
Այսպիսով, Արցախյան ռազմաճակատում այս պահին որոշվում է ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորումների հարց. տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայության աճը սպառնում է Հարավային Կովկասի, նրա հարևան երկրների անվտանգությանը, տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոններին ու հակաահաբեկչական պայքարի մեջ ներգրավված ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Այս մարտահրավերների պայմաններում պաշտոնական Ստեփանակերտի, Երևանի ու միջնորդ կողմերի խնդիրը պետք է լինի բանակցային գործընթացում Թուրքիայի` որևէ ձևաչափով ներկայության բացառումը:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալիները Մոսկվայում են: Հիշյալ փաստը վերահաստատվեց Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարների 2020 թ. հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ: Փաստաթղթում հատկապես կարևորվում են պրեամբուլան և 3-րդ ու 4-րդ կետերը: Պրեամբուլան («Ի պատասխան ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումի, և համաձայն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ալիևի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ներքոնշյալ քայլերի վերաբերյալ») ոչ միայն շեշտում է ՌԴ բացառիկ դերը, այլև իրավաբանական առումով ԱԳ նախարարների հայտարարությունը բարձրացնում նախագահների ու վարչապետի մակարդակի: Սա բացառում է փաստաթղթի փաստացի մերժումը հետագայում: Փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերը («Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա սկսում են առարկայական (субстанционный) բանակցություններ` խաղաղ կարգավորման նպատակով»: «Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը») բացառում են բանակցային նոր ձևաչափի ընդունումը և ունեն ավելի՛ երկարաժամկետ ուղղվածություն:
Այսպիսով, 2020 թ. հոկտեմբերի 10-ի հայտարարությունն առնվազն քաղաքական գործընթացներում փաստացի խաղից դուրս թողեց Թուրքիային և ամրագրեց ՌԴ դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխման ենթակա չէ:
Սակայն Թուրքիան ռազմաքաղաքական տեսանկյունից շարունակում է իշխել Ադրբեջանում, հետևաբար կձգտի վերանայելու խաղի` արդեն իսկ ձևավորված կանոնները:
Վահրամ Պետրոսյան, պ. գ. թ., դոցենտ
Ռոման Կարապետյան, պ. գ. թ., դոցենտ
© 2009 ARMENPRESS.am