Տևական խաղաղությունը միակ ընդունելի ապագան է մեր տարածաշրջանի համար. Զուրաբիշվիլի

17:54, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է նախագահ Զուրաբիշվիլին։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։


© 2009 ARMENPRESS.am