Վրաստանը ողջունում է ԼՂ գոտում մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը

14:42, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի առաջընթաց գրանցել:

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ.

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

  1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային մոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

© 2009 ARMENPRESS.am