Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան է միացել, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում

10:24, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին միացել է օդային տագնապի ազդանշանը, սակայն մայրաքաղաքը չի հրթիռակոծվում: Գիշերը նույնպես չի հրթիռակոծվել»,- նշեց Պողոսյանը:

Ստեփանակերտում գտնվող քաղաքագետ Թևան Պողոսյանը նշեց, որ առավոտյան եղել են հարվածներ, սակայն ժամը 10:20-ի դրությամբ հրթիռակոծություն չկա: 

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am