Ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է, հաղթելո’ւ ենք. Ազգային ժողովի ասորի պատգամավոր

12:02, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ա «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ասորի պատգամավոր Արսեն Միխայլովը հայտնեց, որ այս դժվարին պահին, ինչպես և միշտ, ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է:

«Արմենպերս»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միխայլովն ասաց խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում:

«Հայաստանի ասորական համայնքը, առաջին օրվանից, երբ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, եղել է հայ ժողովրդի կողքին: Ոչ միայն այսօր ենք մենք իրար կողքի, այլև դարերից եկած է այս բարեկամությունը, միասնաբար մենք անցել ենք թուրքական նույն ձեռագրով ցեղասպանություններով: Ամբողջ աշխարհի ասորական հանրությունն իր ձայնն է բարձրացրել ու սատարել է հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Մենք միշտ միասնական ենք, միասնական կլինենք ու միշտ հաղթելու ենք»,- ասաց Միխայլովը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ասորական համայնքների կողմից մոտ 6 հազար դոլար է փոխանցվել արցախցիների ու զինվորների կարիքներին ուղղված հիմնադրամին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am