Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ

11:38, 9 Հոկտեմբեր, 2020

ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը, որը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները:  Կրեմլը տեղեկացրել էր՝ ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները:

 


© 2009 ARMENPRESS.am