Առանց Արցախի մասնակցության, այլևս որևէ բանակցություն հեռանկար չի կարող ունենալ. Անդրանիկ Քոչարյան

13:38, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում այլևս հեռանկար չի տեսնում՝ առանց Արցախի մասնակցության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քոչարյանն ասաց հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Ակնհայտ է, որ այսօր Արցախի դեմ է լայնածավալ պատերազմը: Առանց Արցախի մասնակցության որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով այս պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցությանը՝ Քոչարյանը նշեց, որ այս գործելաոճով Թուրքիան ոչնչացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրավված մնալու հեռանկարը:

«Թուրքիան իր պահվածքով ոչնչացնում է Մինսկի խմբում ներգրավված մնալու իր հեռանկարը, որովհետև Թուրքիան, ըստ էության, հակամարտության կողմ է հանդես գալիս իր սպառազինությամբ, բացահայտված է նաև թուրքական զինուժի մասնակցությունը պատերազմի կառավարման գործընթացի մեջ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am