Ուրուգվայի Սենատը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը

19:19, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Սենատը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը:

«Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությանը դատապարտող հայտարարությանը»,- գրել է Մկրտումյանը:

Ընդունված հայտարարությամբ Ուրուգվայի Սենատի անդամները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ հակամարտության սրումը սպառնալիքի տակ է դնում այդ տարածաշրջանի կայունությունը: Սենատորները դատապատրում են մարդասիրական իրավունքի խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը:

Սենատորների պալատն անընդունելի է համարում ուժի կիրառումը որպես վեճերի լուծման միջոց: Սենատն իր մտահոգությունն է հայտնում երրորդ երկրների սադրիչ հայտարարությունների կապակցությամբ, որոնք չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:

Սենատորները կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը,  վերականգնել երկխոսությունը, բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 


© 2009 ARMENPRESS.am