Չի կարելի կոնտեքստից կտրել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը. վարչապետը պատասխանել է Բաքվի մեղադրանքներին

17:53, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում վարչապետն ընդգծել է, որ չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո:

«Պետք է շատ հստակ, պարզ և  սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի կողմից ինչ-որ ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում:  Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերը: Հայաստանի մասին այդտեղ խոսվում է այլ կոնտեքստում: Հայաստանին կոչ են անում օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ ունեցած կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993 թվականին կոնկրետ օպերատիվ իրավիճակում: Դա կոնկրետ իրավիճակի մասին է, և չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am