Ստեփանակերտում հարվածների արդյունքում վնասվել են տասնյակ բազմաբնակարան շենքեր և բնակելի տներ

17:11, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով վնասվել են տասնյակ  բնակելի տներ, բազմաբնակարան շենքեր և տարբեր ենթակառուցվածքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

«Ստեփանակերտում տասնյակ բնակելի տներ, բնակելի շենքեր, ճանապարհներ վնասվել են: «Արցախէներգո»-ի մասնաշենքին նույնպես հարված էր հասցվել, սակայն այժմ վերականգնվում է: Վնասվել է նաև «Ղարաբաղ Տելեկոմ»-ի վարչական շենքը, սակայն կապը եղել է անխափան»,- նշեց փոխքաղաքապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am