Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են

14:02, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրավոր հայեր և պարզապես Արցախի, Հայաստանի աջակցիներ հավաքվել են Լոս Անջելեսի Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի խմբագրության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է «CBS Los Angeles»-ը:

Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հարյուրավոր հայամետ ցուցարարներ հոկտեմբերի 6-ի երեկոյան հավաքվել են Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի շենքի մոտ, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները: Ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում:

Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում ՝ կոչ անելով «Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանման»: Ցուցարարներն ակցիան սկսել են տեղի ժամանակով մոտ 16:00-ին և շարունակել մինչև ուշ գիշերը:

Օրեր առաջ Լոս Անջելեսում հարյուրավոր հայեր մոբիլիզացվել և բողոքի ցույց էին անում CNN-ի դիմաց: Լոս Անջելեսի հայերը ցանկանում են վերացնել լռությունը ճշմարտության նկատմամբ, նրանք CNN-ի ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա՝ «CNN, որտե՞ղ ես» պաստառով զարմանք արտահայտելով լրատվամիջոցի լռության առնչությամբ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական:

Ադրբեջանի կորուստները հոկտեմբերի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ կազմել են 3754 զոհ, 127 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 416 միավոր զրահատեխնիկա, 4 հատ «Սմերչ»:

Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am