Ստեփանակերտն անընդհատ հրթիռակոծվում է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

12:34, 7 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն անընդհատ հրթիռակոծում է Ստեփանակերտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ են հասցվում խաղաղ բնակիչներին»,- նշեց Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի թղթակիցը ևս հայտնում է, որ գիշերվա ընթացքում անընդհատ եղել է հրթիռակոծում: Ապաստարաններից գրեթե անհնար է դարձել բնակիչների համար դուրս գալ կամ որևէ անհրաժեշտ իրի համար բարձրանալ բնակարաններ: Հարվածների միջև ընդմիջումները դարձել են շատ փոքր: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 280 զինծառայող և կամավորական:

Լիլիթ Դեմուրյան

 


© 2009 ARMENPRESS.am