Երևանի ավագանին որոշում կայացրեց 100 մլն դրամ տրամադրել Ստեփանակերտի վերականգնման համար

14:02, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ին կայացած արտահերթ նիստում որոշեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ հատկացնել՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվող վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստին գրանցված 46 անդամներն էլ միաձայն կողմ քվեարկեցին առաջարկին։

Երևանի քաղքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունը, որով Երևան քաղաքի 2020թ. բյուջեի պահուստային ֆոնդից 100 մլն ՀՀ դրամ է հատկացվելու՝ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։

«Մենք երեկ քննարկել ենք այս հարցը և միաձայն տվել ենք դրական եզրակացություն»,- այս մասին ասաց հարակից զեկուցող, Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը դիմեց աշխարհի բոլոր մայրաքաղաքների, նաև Երևանի քույր և գործընկեր քաղաքների ղեկավարներին՝ անտարբեր չանցնել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների պատճառով Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կողքով:

«Կոչ եմ անում լինել ավելի մարդասեր ու խաղաղասեր: Խոսքով ու նաև գործով ձեր վերաբերմունքը հայտնեք ագրեսորներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որոնց գործողությունների հետևանքով զոհվում են անմեղ բնակիչներ»,- նշեց Անտոնյանը:

 Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am