ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մարտական գործողություններում աչքի ընկած զինծառայողների

16:33, 5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պաշտպանության բանակը պարգևատրման է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի խիզախությամբ և հերոսական արարքներով աչքի ընկած մի խումբ զինծառայողների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:  

Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Նշվում է, որ հակաօդայինների սխրանքները շարունակվում են:

Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը, 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար: Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: «Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ…


© 2009 ARMENPRESS.am