Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. խաղաղ բնակչությունը թիրախի տակ է. ԼՐԱՑՎՈՂ

10:18, 4 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հրետակոծում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Այս պահին Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է: Միացել է օդային տագնապի ազդանշանը: Հարվածների ձայները եղել են շատ և ուժգին:

ԼՐԱՑՈՒՄ- Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ԼՐԱՑՈՒՄ- 12:05-ի դրությամբ Ստեփանակերտի հրթիռակոծումը շարունակվում է: Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է ինքնաթիռով:

ԼՐԱՑՈՒՄ- 12:06-ի դրությամբ կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։

ԼՐԱՑՈՒՄ- 17:50-ի դրությամբ Ադրբեջանը կրկին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հակառակորդը Շուշիում ևս թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: 

Ստեփանակերտն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից թիրախի տակ է, սակայն արդեն երրորդ օրն է այն ակտիվ հրթիռակոծվում և հրետակոծվում է: Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել, վնասվել էին անգամ փրկարար ծառայության շենքը, մեքենաները: Հոկտեմբերի 3-ին բռնկվել էր հրդեհ: Վնասված են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ:


© 2009 ARMENPRESS.am