Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին /լրացվող/

13:53, 2 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ստեփանակերտին խփեցին։ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»,-նշում է Հովհաննիսյանը: Մանրամասները ճշտվում են: 

ԼՐԱՑՈՒՄ - Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը»:

ԼՐԱՑՈՒՄ - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշել է, որ հարվածները հասցվել են ծանր զինատեսակներից: «Սա Ստեփանակերտին հասցված ամենածանր հարվածն էր»,-նշել է Բեգլարյանը:  

ԼՐԱՑՈՒՄ - Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը: Ստեփանակերտի ուղղությամբ հոկտեմբերի 2-ին նետվել են, նախնական տեղեկություններով, հարվածային հրթիռներ:

 

 


© 2009 ARMENPRESS.am