Աշխարհի գործընկերները պետք է դատապարտեն Արցախում Բաքվի կողմից լրագրողների թիրախավորումը. ՀԺՄ կոչը
22:06, 1 Հոկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական ներկայացնել լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի դատապարտելի գործողությունների առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ նշված է.
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների։
Այսպիսով՝
Ադրբեջանի հարձակումից տուժած լրագրողներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, ընդհուպ՝ մինչև բարդ վիրահատական միջամտություններ։
Հոկտեմբերի 1-ի հարձակումները նախորդ օրերին տեղի ունեցած հարձակումների շարունակությունն են, օրինակ՝ սեպտեմբերի 28-ին անօդաչու թռչող սարքը թիրախավորել էր հայկական «Շանթ» հ/ը և Tert.am լրատվական կայքերի նկարահանող խմբերը՝ լրագրողներ ու օպերատորներ:
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչներին, այլ նաև պատերազմական գոտում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին։ Ընդ որում, դա կատարվում է նպատակուղղված. բոլոր լրագրողները գործում են PRESS տարբերանշաններով, ինչը, սակայն, չի խանգարում հրետակոծել նրանց։ Դա հիմնավոր կասկած է առաջացնում, որ Ադրբեջանը լրագրողներին թիրախավորում է կանխամտածված՝ թերևս, այդ կերպ նպատակ ունենալով կանխել պատերազմի մասին իրական տեղեկատվության հաղորդումը միջազգային հանրությանը։ Իր այս քայլով Ադրբեջանը խախտում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ ու համաձայնագրեր, ինչը պետք է արժանանա համապատասխան կառույցների համարժեք գնահատականին։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում աշխարհում գործող բոլոր լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական ներկայացնել լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի դատապարտելի գործողությունների առնչությամբ՝ պահանջելով ապահովել պատերազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ չեզոքություն պահպանելու միջազգային նորմը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը երախտագիտություն է հայտնում իրենց կյանքը վտանգի ենթարկող բոլոր լրագրողներին, նրանց աջակցող տեխնիկական անձնակազմերի ներկայացուցիչներին՝ մեզ համար այս ճակատագրական պահին իրենց մասնագիտական պարտքը կատարելու ու աշխարհին մեզ պարտադրված պատերազմի մասին հավաստի ու անաչառ տեղեկություններ հաղորդելու համար։ Ցավակցում ենք Le Monde պարբերականի լրագրողների խմբին ուղեցող երիտասարդի ընտանիքին և բոլոր հարազատներին:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորված ու տուժած մեր բոլոր գործընկերներին։
© 2009 ARMENPRESS.am