Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրում է Ղարաբաղում հակամարտություն հրահրելու մեջ

20:56, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հրահրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն Լեռնային Ղարաբաղում `ձգտելով ուժեղացնել իր տարածաշրջանային և միջազգային ազդեցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:

«Հիմա Լեռնային Ղարաբաղում կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես հրահրում է հակամարտությունը, և Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այս հակամարտությունը սադրելը», - ասել է Շաաբանը:

Ասադի խորհրդականի կարծիքով` Թուրքիան, թեժացնելով հակամարտությունը, ձգտում է ամրապնդել իր տարածաշրջանային և միջազգային դերը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններում ակնհայտ երևում է Թուրքիայի դերակատարումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար միակողմանի և ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս և նշում, որ մենակ չեն թողնի ադրբեջանցի իր եղբայրներին Արցախի դեմ պատերազմում: Միջազգային մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազատ բանակի հազարավոր զինյալներ տեղափոխվել են Բաքու` մասնակցելու Արցախի դեմ պատերազմում: Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակվող տեսանյութերում երևում է թուրքական զինատեսակների, ինչպես նաև ԱԹՍ-ների օգտագործումը: Վերջինիս մասին գրել էր հեղինակավոր «Forbes» պարբերականը: Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Սեպտեմբերի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:


© 2009 ARMENPRESS.am