Գիշերը Արցախի սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակել են ընթանալ, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ

12:17, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի սահմանի ողջ երկայնքով սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը մարտերը շարունակվել են, սակայն ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ ընթացել էին նախորդ օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել են ընթանալ գիշերային մարտեր, դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Բայց տեղ-տեղ եղել են նաև հրետանային հրետակոծություններ»,-ասաց նա:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ  վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես ավիացիան, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: «Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի: Մեր ԶՈՒ ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը ևս կրել է կորուստներ՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ մասնավորապես զրահատեխնիկայի»,-ասաց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:


© 2009 ARMENPRESS.am