Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել

20:42, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում Արցախից բնակչության տարհանման մասին որևէ հայտարություն չի արել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

«Ռուսական լրատվակայքերից մեկը, մեջբերելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ի տված հարցազրույցից մի հատված, հայտնել էր, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Հղում անելով լրատվականին՝ «politik.am»-ը «Հայաստանը մշակում է Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել՝ նշելով. «Հայաստանի իշխանությունները քննարկում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տարհանելու հնարավորությունը՝ կապված Ադրբեջանի հետ տարածաշրջանում բախումների հետ»:

Ուսումնասիրելով ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի՝ «Эхо Москвы»-ին տված հարցազրույցը, հայտնում ենք, որ դեսպանը չի խոսել բնակչության տարհանման որևէ պլանի մասին։ Ինչպես «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից՝ Վ. Տողանյանի խոսքերը ներկայացվել են կոնտեքստից կտրված։

Հարցազրույցի ժամանակ դեսպանը, խոսելով մոբիլիզացման գործընթացի մասին, շեշտում է՝ Ստեփանակերտում հայտարարվում է «օդային տագնապ», մարդիկ թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում, սակայն որևէ խոսք չկա տարհանման կազմակերպման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:


© 2009 ARMENPRESS.am