Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 174 նոր դեպք․ ապաքինվել է 52 քաղաքացի

11:16, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1935 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 286 161 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 174 նոր դեպք և 52 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 957 (ավելացել է ևս 6-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 79, 73 տարեկան տղամարդիկ և 58, 60, 84, 74 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաև մահվան 295 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am