Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին և  Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ երկխոսության

18:42, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով analitikaua.net-ը։

«Ուկրաինայի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի սրմամբ: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք հանգամանքները, որոնք հանգեցրել են սրացման: Կոչ ենք անում կողմերին վերադառնալ երկխոսության՝ հանուն կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով կարգավորման»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածներին ընտանիքներին ու հարազատներին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

 


© 2009 ARMENPRESS.am