Մնացականյանն Էստոնիայի, Կիպրոսի և ԵՄ իր գործընկերներին ներկայացրել է շփման գծում առկա իրավիճակը

17:47, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳ նախարարը շարունակում է մշտական կապի լինել իր օտարերկրյա գործընկերների հետ: Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության շուրջ վերջին զարգացումները»,- գրել է Նաղդալյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 


© 2009 ARMENPRESS.am