Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ԼՂ-ում ռազմական գործողությունները. ԵԽ պատգամավոր

17:33, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միքայել Գալերը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գալերը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Որոշում էր կայացվել, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Անհրաժեշտ է կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի վերսկսումը: Երկու կողմերից էլ մարդիկ կտուժեն»,- գրել է Գալերը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am