Հայ-ադրբեջանական սահմանին ոչ ամբողջ երկայնքով նկատվում է լարվածություն

13:52, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանի ոչ ամբողջ երկայնքով նկատվում է լարվածություն․ հարվածներ են եղել Վարդենիսի ուղղությամբ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ հրթիռահրետակոծության գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում եղել են Արցախի ուղղությամբ՝ նաև եղել են հարվածներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին այդքան էլ ինտենսիվ չեն։

Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ-ի այլ մասում նման իրավիճակ չկա։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am