Գարեգին Բ կաթողիկոսը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է աշխարհասփյուռ հայության համախմբումը

13:25, 27 Սեպտեմբեր, 2020

ԷՋՄԻԱԾՒՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրապետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։

Ի դեմս Վարչապետի Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Վեհափառ Հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է Հայրենիք։


© 2009 ARMENPRESS.am