Ադրբեջանի սադրանքը նախապես ծրագրված էր. Բաքվի և Անկարայի ԶԼՄ-ներն առաջնագծից նյութեր են հրապարակում

10:27, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ:

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։

ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ. «Հայկական կողմերը վստահորեն գործելու են իրենց ողջ կարողությամբ՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը և տալու համարժեք քաղաքական և ռազմական պատասխան։ Իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:


© 2009 ARMENPRESS.am