Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում

11:11, 26 Սեպտեմբեր, 2020

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ վերջին 2-3  օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն: «Անշուշտ, սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ»,- նշում է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզում 53 դպրոցի 2520 աշխատակից է նմուշառվել, նրանցից թեստի դրական ցուցանիշ է ունեցել 31-ը:

Այս  պահին ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսով  պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։

Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են:  Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակված:

Արմենուհի Մխոյան

 


© 2009 ARMENPRESS.am