Դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին՝ պայքարել COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի

14:33, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության մեջ:

«Մի փորձեք նվաստացնել (ՌԴ) նախագահ (Վլադիմիր) Պուտինի կառուցողական առաջարկությունն այն երկրների համար խորհրդաժողով գումարելու վերաբերյալ, որոնք շահագրգռված են COVID-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար համագործակցությամբ: Փրկեք ամերիկացիների կյանքերը: Պայքարեք COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութերի»,-ասվում Է Twitter-ում դեսպանության զետեղած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պուտինի այն հայտարարությունը, թե ռուսաստանյան պատվաստանյութն անվտանգ Է եւ արդյունավետ, հայտարարելով, որ անկախ փորձագետները կասկածի տակ են դրել կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարել Է, որ Ռուսաստանը միանգամայն բաց Է եւ գործընկերության Է տրամադրված կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչի կապակցությամբ առաջարկում Է պատվաստանյութերին նվիրված առցանց խորհրդաժողով անցկացնել այն պետությունների մասնակցությամբ, որոնք շահագրգռված են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման շուրջ միավորմամբ: Նա նաեւ առաջարկել Է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել ՄԱԿ-ի աշխատակիցներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am