Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել

14:21, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մինչ այս դատարանը երեք անգամ մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։


© 2009 ARMENPRESS.am