Հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ հանդիպել են վարչապետի օգնականների հետ
14:20, 18 Սեպտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հագուստի ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ Կառավարության դիմաց շարունակում են դժգոհություն հայտնել մաքսազերծման նոր կարգի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցարարներից մի քանիսը հանդիպել են վարչապետի խորհդարականներ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ, ներկայացրել են իրենց անհամաձայնությունը մաքսային արժեքի բարձրացման հետ կապված։ Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։
Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ներկայացրել են իրենց պահանջները, վարչապետի օգնականներն էլ իրենց հերթին կետ առ կետ ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը:
Քաղաքացին, սակայն, չհստակեցրեց, թե երբ կլինի վարչապետի պատասխանը, քանի որ այդ հարցով խորհրդակցություն պետք է հրավիրվի։
2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ, ըստ որոնց՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Նախկինում գործել է մաքսազերծման մի տարբերակ, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։
© 2009 ARMENPRESS.am