Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ

12:10, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, հերթական ստուգայցն է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին և ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակին ծանոթանալու, այդ բնագավառներում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նախանշելու նպատակով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 

Ստուգայցի ընթացքում Արթուր Գոյունյանը Ծառայության ղեկավար անձնակազմի և հիմնարկի վարչակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմանների հետևողական բարելավմանը, նրանց հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների շարունակական ակտիվացմանը, ծառայողական կարգապահության առավել ամրապնդմանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիոն դրսևորումների իսպառ վերացմանն ուղղված գործիքակազմի կատարելագործմանը։ 

Խորհրդակցության ավարտին Ծառայության պետի կողմից տրվել են նախանշված խնդիրների լուծմանն ուղղված հասցեական հանձնարարականներ՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ:

 


© 2009 ARMENPRESS.am