ՀՀ Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի

12:48, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Երվանդ Խունդկարյանն ընտրվեց՝ ստանալով 84 կողմ, 2 դեմ ձայներ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայներով:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները քվեարկության չեն մասնակցել:

Արդեն ընտրված դատավորներն իրենց լիազորությունը ստանձնում են ԱԺ-ում երդման պահից: Ինչպես տեղեկացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նրանցից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա: «Արդեն դատավորները պետք է դիմում գրեն՝ իրենց աշխատանքից դուրս գալու համար, որից հետո կկազմակերպենք երդման արարողությունն ԱԺ-ում»,-ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորեր չեն։ 

 Աննա Գրիգորյան


© 2009 ARMENPRESS.am