Զավեն Անդրիասյանը հաղթել է Bullet Shield Arena առցանց մրցաշարում հերթական փուլում  

12:32, 9 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի շախմատիստ Զավեն Անդրիասյանը հաղթող է ճանաչվել  lichess․ org հարթակում անցկացված Bullet Shield Arena առցանց մրցաշարի հերթական փուլում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Չորս ժամ տևած գերկայծակնային  մրցաշարին մասնակցել են 4 303 շախմատիստներ։ Երևանցի գրոսմայստերն անցկացրել է 138 պարտիա, վաստակել է 396 միավոր և գրավել է առաջին տեղը:

Զավեն Անդրիասյանը 2005 թ. նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը, նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։ 2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփենի» «Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։ 2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց` 17 տարեկանում, դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։ Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։ Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am