Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը

12:02, 9 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարևոր գաղափար եմ համարում: Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ այժմ գաղափարը դրված է շրջանառման մեջ, և մյուս բոլոր հարցերին անդրադարձ կկատարվի օրենքի նախագծի քննարկումների ընթացքում:

Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am