Gucci-ի հայ մոդելը փոխում է գեղեցկության մասին «ստանդարտ» պատկերացումները. Forbes-ի անդրադարձը

17:28, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gucci-ի ազգությամբ հայ մոդել Արմինե Հարությունյանի «ոչ ավանդական» արտաքինն անցած հանգստյան օրերին Իտալիայում համաժողովրդական բանավեճ է առաջացրել գեղեցկության չափանիշների, մոդելավորման և «բոդի շեյմինիգ»-ի շուրջ: «Չնայած նրան, որ մոդելն արդեն մի քանի անգամ հայտնվել Է Gucci-ի պոդիումներում, թվում է, որ Gucci-ի կողմից կազմված՝ աշխարհի 100 ամենասեքսուալ մոդելների ցուցակում նրան ընդգրկելը դարձել է Հարությունյանի նկատմամբ հանկարծակի ուշադրության պատճառ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան է անդրադարձել հեղինակավոր Forbes-ը՝ հոդվածը վերնագրելով «Ով է Gucci-ի հայ մոդելը և ինչպես է դարձել բոդի շեյմինգի զոհ Իտալիայում»:

Forbes-ը նկատել է, որ 23-ամյա հայ մոդելն արդեն ծանոթ դեմք է Gucci-ի ցուցադրություններում: «Ինչևէ, հանգստյան օրերին իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում  քննադատության պայթյուն եղավ նրա «անսովոր» արտաքինի վերաբերյալ: Նա դարձավ բացասական, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունների թիրախ: Դրանք վիրավորում էին նրա արտաքինը և հարցականի տակ դնում որպես մոդել նրա համապատասխանությունը»,-գրել է Forbes-ը: Հարությունյանը դարձել է «բոդի շեյմինգի» զոհ, որովհետև նրա դիմագծերը այնպիսին չեն, ինչպիսին սոցիալական մեդիան ստիպել է հասարակությանը վեր դասել ամեն ինչից: Սոցիալական ցանցերը, ինչպիսին է օրինակ «Ինստագրամ»-ը մշակել է գեղեցկության նեղ ստանդարտներ, որոնք բազմազանության համար քիչ տեղ են թողնում:

Լրատվամիջոցը նաև մեջբերել է այս բացասական ալիքին ի պատասխան Արմինե Հարությունյանի՝ La Repubblica-ին տված հարցազրույցից մի հատված. «Մարդիկ վախենում են ամեն ինչից, ինչ տարբերվում է: Գեղեցկ լինելու շատ տարբեր ձևեր կան»:

Հարությունյանը նշել է՝ առաջին անգամ չէ, որ բացասական մեկնաբանություններ է ստանում իր արտաքինի վերաբերյալ և ցավում է դրա համար, բայց վճռական է անտեսել դրանք: «Ավելի լավ է տարբերվել, քան նմանվել ուրիշներին, նույնիսկ եթե դա բոլորի համար հասկանալի չէ: Իմ խորհուրդն է կենտրոնանալ ինքդ քո վրա, թե ով ես դու և ինչ ես իսկապես սիրում»,-ասել է հայ մոդելը:

 

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


© 2009 ARMENPRESS.am